
Վրաստանում կփորձեն ձգձգել իրավիճակը մինչև Թրամփի նախագահությունը․ քաղաքագետների կարծիքը
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը մեծ ցույցեր է առաջացրել և հանգեցրել ընդդիմության բոյկոտի: Շուրջ 250-ից ավելի մարդ այս ընթացքում ձերբակալվել են։ Ցույցերին են միացել նաև դպրոցականները։
Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների զարգացման ֆոնին՝ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշում է, որ Վրաստանում համազգային անհնազանդության ակցիաներ են, նախահեղափոխական գործողություններ և որ իշխանությունը վրաց ժողովրդի երազանքներին հակառակ քաղաքականություն է փորձում վարել։
Այն, ինչ կատարվում է Վրաստանում, միանգամայն օրինաչափ է ցանկացած ազատատենչ հասարակության համար, որը երազանք ունի ազատ ապրելու և հաղորդակցվելու ավելի զարգացած երկրների հետ։ Ցավալի է, որ այն ձեռքբերումները, որը Վրաստանը տարիներ շարունակ ձեռք բերել էր արկածախնդիր նախկին իշխանությունների ձեռամբ, ուղղակի տապալվեցին։ Հիմա քաղաքացիական հասարակությունը մեծ կորուստների գնով փորձում է հետ բերել։ Նախ, վերադարձնել իշխանությունը, այնուհետև վերադարձնել այն ուղին, որով Վրաստանը ցանկանում է ընթանալ։
Քաղաքագետը ակնկալում է նաև, որ տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են իրենց նպատակին հասնել։ Սիմոնյանի խոսքով՝ Վրաստանում ժողովրդավարական ճակատը պառակտված է, միասնական լիդերի բացակայությամբ պայմանավորված բողոքի ակցիաները արդյունավետ չեն կարող լինել, բայց եթե Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ հավաքվեն արդյունավետ կլինի։
Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանն էլ կարծում է, որ Վրաստանում տեղի է ունենում դասական իմաստով այն, ինչ նախապատրաստվում էր Ռուսաստանի կողմից երկար տարիներ, բայց ակնհայտ նշաններ չկային մինչև այս տարվա ամառ, երբ «Վրացական երազանքը» որոշեց ընդունել ռուսական կոչվող օրենքներ, և այժմ էլ այդ «օպերացիայի» վերջին փուլն է փորձ արվում կատարել․ արտաքին քաղաքականությունը տեղափոխել ռուսական գծի վրա եւ հրաժարվել արևմտյան կողմնորոշումից։
Վրաստանի հասարակությունը համաձայն չէ նման զարգացման հետ և փորձում է պաշտպանել սեփական երկրի ճակատագիրը որոշելու իրավունքը։ Մյուս կողմից, թե ինչպիսի ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա, կարծում եմ, մեծ չափով կապված է նրա հետ, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Թրամփը իր նոր նախագահության ժամանակաշրջանում։ Բայց առաջին հերթին գաղափարական առումով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքը Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել, որովհետև եթե Ռուսաստանը հրաժարվի ժողովրդավարությունից և շարժվի ռուսական արտաքին քաղաքականություն, շարժվի ռուսական ուղով, ապա Հայաստանը հայտնվելու է շատ բարդ իրավիճակում։
Քաղաքագետը չի բացառում, որ Վրաստանում կարող է հեղաշրջում տեղի ունենալ կամ գործարք։
Օրինակ՝ «Վրացական երազանքի» և ընդդիմադիր որոշ լիդերների միջև կարող է գործարք կնքվել։ Արդեն խոսակցություն է տարածվել, որ ձերբակալվել է ընդդիմադիր լիդերներից մեկը, ինչը կարող է նշանակել, որ այնտեղ որոշակի գործընթացներ կուլիսային, այնուամենայնիվ, տեղի են ունենում։
Կարո՞ղ են արդյոք դեկտեմբերի 14-ին սպասվող նախագահական ընտրությունները իրավիճակը փոխել Վրաստանում, Ղևոնդյանը նման հանգուցալուծում չի կարծում։
Ամենայն հավանականությամբ, այդ գործընթացը ո՛չ կհաշտեցնի, ո՛չ ավելի կսրի իրավիճակը։ Շատ մեծ նշանակություն կունենա՝ արդյո՞ք հնարավոր կլինի ձգձգել այս գործընթացը։ Նախ՝ իշխանության կողմից առանց սրելու իրավիճակը և իր համար վտանգներ ստեղծելու, հետո՝ ընդդիմադիր ուժերի կողմից առանց մարելու ձգձգել այս գործընթացը մինչև հունվարի 20՝ Թրամփի նախագահությունը, որից հետո նոր պարզ կլինեն հետագա զարգացումներն ու ուղղությունները։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վրաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 1-ին հայտնել էր, որ 27 ցուցարար, 16 ոստիկան և լրատվամիջոցների մեկ աշխատակից հոսպիտալացվել են ոտիկանության կիրառած ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի հետևանքով։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել է, որ «օրենքի ցանկացած խախտում կպատժվի օրենքի ողջ խստությամբ»։ Նա հավելել է, որ երկիրը շարունակելու է եվրաինտեգրման ճանապարհը, սակայն հրաժարվել է «խայտառակ և վիրավորական շանտաժից», որը խոչընդոտում էր այս գործընթացին։ ԵՄ-ին երկրի անդամակցությունը սպասվում է 2030 թվականին: