
Մատենադարանին է ընծայաբերվել 17-րդ դարի Ավետարան
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թվականին Գանճա գավառի Շատախ գյուղում ստեղծված Ավետարանը։ Ձեռագրի հիշատարականից տեղեկանում ենք, որ այն ստեղծել է Հովհաննես դպիրը։
Ձեռագիրն ունի նոր կաշեպատ կազմ, որի վրա պահպանված են մետաղյա հին մասերը՝ կոստղապատ շրջանակները. առաջին փեղկի կենտրոնում ճաճանչապսակի մեջ է ներկայացված Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին (բարձրաքանդակ, ոսկեզօծ արծաթ): Երկրորդ փեղկը զարդարում է Ավետարանչի պատկերը (հարթաքանդակ, ոսկեզօծ արծաթ):
Ավետարանը բաղկացած է 300 թղթյա թերթերից և զարդարված է չորս Ավետարանիչների պատկերներով, ինչպես նաև մանրանկարներով, որոնք ներկայացնում են 17-րդ դարի հայկական ժողովրդական արվեստի լավագույն նմուշները:
Գիտական արժեքի առաջին կարևորությունը պատմական Գանձակի գավառում գրված լինելն է, որտեղից մեզ են հասել եզակի գրչագիր մատյաններ: Իսկ Շատախ գյուղը 17-րդ դարում հայտնի է եղել որպես հայկական գրչության կենտրոն, և այս ձեռագիրը գալիս է հաստատելու և լրացնելու մեր այս գրչօջախում կերտված ձեռագրական ժառանգությունը: Բացի գրչությունից, Շատախը հայտնի էր շալագործությամբ, որտեղ անգորական այծի բրդից պատրաստվում էին բարձրորակ շալեր։ Տարածքում պահպանվել են նաև հայկական ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Սուրբ Ստեփանոս և Սուրբ Կարապետ եկեղեցիները։