
Խաղաղության խոստումներ հին նախապայմանների ստվերում․ Հաաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկման ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
Քննարկման ընթացքում Բայրամովը կրկին շեշտեց Բաքվի հիմնական նախապայմանները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ դրանց իրականացումից հետո լրացուցիչ խոչընդոտներ խաղաղության համար չեն լինի։
Իր հերթին Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե «անցյալը շատ խորը փոորելը օգտակար կլինի»։ Նա ընդգծեց, որ Հայաստանի նպատակը տևական խաղաղության հաստատումն է, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Միրզոյանը հավելեց որ համաձայնագիրը կարող է չլուծել բոլոր հարցերը, սակայն կարող է հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Սա սկիզբն է, և մեր կարծիքով՝ պետք է ձևավորել հանձնաժողով, որը կքննարկի խնդրահարույց մյուս հարցերը։ Կարևոր է, թե կողմերն ինչ են հաղորդում իրենց հասարակություններին, կարևոր է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ մեսիջներ են ուղարկում աշխարհին։ Հարցն այն է՝ կրկին փորփրո՞ւմ ենք անցյալը, թե կառուցում ենք միասնական, բարգավաճ ապագա մեր քաղաքացիների համար։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։ Գետնի վրա մենք չունենք որևէ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է. մենք պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Կարող ենք ստորագրել ցանկացած պահի, րոպեների ընթացքում։ Եկեք ի վերջո ստորագրենք խաղաղության պայմանագիրն ու ձևավորենք համատեղ հանձնաժողով, որի մասին արդեն հիշատակեցի իմ խոսքում
ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև նշեց, որ Հայաստանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթացի մեկնարկին գնալ այն ժամանակ, երբ հակամարտությունը համարվի ավարտված։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների պահանջին՝ Միրզոյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մասին, ըստ որի՝ Հայաստանի պարտավորությունները պետական սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների գործունեության շրջանակում համապատասխանում են Սահմանադրությանը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայով Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ներկայացրել է իր առաջարկները, սակայն մինչ օրս պաշտոնական պատասխան չի ստացել Ադրբեջանից։ Իր հերթին Բայրամովը հղում արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների բացման հարցը Նախիջևանի հետ շարունակում է մնալ օրակարգում։
Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանները ցույց են տալիս, որ Բաքուն ոչ միայն փորձում է խաղաղություն հաստատել, այլև՝ Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը վերահսկել։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խոսքերից երևում է, որ խաղաղության գործընթացը բախվում է խորքային հակասությունների․ Ադրբեջանը շարունակում է առաջադրել խիստ նախապայմաններ, Հայաստանը փորձում է արդարանալ և զիջումների գնալ՝ մի կողմ դնելով անցյալը։