
Հայաստանի արտաքին առևտուրը զգալի անկում է արձանագրել 2025-ի առաջին երկու ամիսներին
2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2.79 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 52%-ով։
2024 թվականին արտաքին առևտրի աճը դեռ շարունակվում էր մինչև հուլիս, սակայն երկրորդ կիսամյակից սկսած նկատվել է զգալի դանդաղում։ Մասնավորապես, եթե 2024-ի առաջին կեսում աճը կրկնապատկվել էր, ապա տարվա արդյունքով՝ կազմել է 41.5%։ Այս տարվա հունվարին արձանագրվել է արդեն 40% անկում, իսկ փետրվարին՝ 61%՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-փետրվարին կրճատվել է 60.8%-ով՝ հասնելով 1.04 մլրդ դոլարի, որի գերակշիռ մասը՝ մոտ 1 մլրդ, բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Խոշորագույն գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ 978.2 մլն դոլար շրջանառությամբ (62.1% անկում)։ Բելառուսի հետ շրջանառությունը նվազել է 22.4%-ով, Ուկրաինայի հետ գրանցվել է 16.4% աճ։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ կազմել է 298.6 մլն դոլար՝ 7.5% նվազումով։ Եվրոպական առաջատար գործընկերներից Գերմանիայի հետ առևտուրը կրճատվել է 9%-ով, Իտալիայի հետ՝ 17%-ով, մինչդեռ Նիդերլանդների և Ֆրանսիայի հետ աճ է գրանցվել՝ համապատասխանաբար 13.8% և 12.4%։
Չինաստանի հետ առևտուրը կազմել է մոտ 384 մլն դոլար՝ նվազելով 22%-ով, իսկ ԱՄԷ-ի հետ՝ 240.9 մլն դոլար։ ԱՄԷ-ի հետ առևտուրը կտրուկ նվազել է 80%ով։ Իրանի հետ՝ 12% աճ, ԱՄՆ-ի հետ՝ 28.2% անկում։
Երկամսյա տվյալներով՝ Հայաստանից արտահանումը կրճատվել է գրեթե 60%-ով՝ կազմելով 1.04 մլրդ դոլար։ Փետրվարին արտահանման ծավալը կազմել է 528 մլն դոլար։
ԱՊՀ երկրներ արտահանումը կազմել է մոտ 491 մլն դոլար (12.2% անկում), որից մեծ մասը՝ 482 մլն, ԵԱՏՄ-ն էր (12.7% անկում)։ Ռուսաստանն առաջատարն է՝ 458.5 մլն դոլար արտահանմամբ։ ԵՄ արտահանումը կազմել է 74.2 մլն դոլար՝ 12.7% անկմամբ։ Եվրոպական շուկայում աճ գրանցվել է Գերմանիա (45.8%) և Նիդերլանդներ (5.5%) ուղղությամբ։
Արտահանման խոշոր ծավալներ են գրանցվել ԱՄԷ (226.1 մլն դոլար, -81.1%), Չինաստան (64.3 մլն, -75.9%) և Իրաք (54.8 մլն, աճ՝ 3.6 անգամ) ուղղություններով։
Հայաստանը հիմնականում արտահանում է թանկարժեք մետաղներ և քարեր՝ 323.3 մլն դոլար (անկում՝ 82.1%), մեքենաներ և սարքավորումներ՝ 200.7 մլն (անկում՝ 18.6%), պատրաստի սննդամթերք՝ 165.6 մլն (աճ՝ 43.2%), հանքարդյունաբերական ապրանքներ՝ 125.6 մլն (անկում՝ 14.9%), բուսական արտադրանք՝ 40 մլն (աճ՝ 71.2%):
2025-ի հունվար-փետրվարին ներմուծման ծավալը կազմել է 1.74 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 45.8%-ով։ Փետրվարին ներմուծումը կազմել է 840.4 մլն դոլար՝ մեկ տարում նվազելով 55.2%-ով։
ԱՊՀ երկրներից ներմուծումը կազմել է 566.5 մլն դոլար (անկում՝ 73.2%), որից ԵԱՏՄ-ից՝ 548.3 մլն դոլար (անկում՝ 73.9%)։ Առաջատար ներմուծողներն են Ռուսաստանը (539.1 մլն, -74.1%), Ուկրաինան (13.7 մլն, +7.8%) և Բելառուսը (6.5 մլն, -60%)։
ԵՄ-ից ներմուծումը կազմել է 254.3 մլն դոլար՝ նվազելով 10%-ով։ Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան կրկին առաջատարներն են։ Չինաստանից ներմուծումը կազմել է 235.6 մլն դոլար (աճ՝ 77.7%)։
Ներմուծվել են հիմնականում մեքենաներ և սարքավորումներ՝ 411.3 մլն դոլար (անկում՝ 4%), թանկարժեք քարեր և մետաղներ՝ 234.9 մլն (անկում՝ 86.7%), հանքարդյունաբերական ապրանքներ՝ 220.9 մլն (աճ՝ 5.5%), պատրաստի սննդամթերք՝ 98.4 մլն (աճ՝ 28%), բազային մետաղներ՝ 90.3 մլն (աճ՝ 16.2%), տեքստիլ արտադրանք՝ 84.1 մլն (անկում՝ 23.6%), քիմիական արդյունաբերության ապրանքներ՝ 81.8 մլն (անկում՝ 23.6%)։