ՀայաստանՔաղաքականություն

Ցեղասպանության ժխտումը և հայ-թուրքական հարաբերությունների փակուղին

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հիշատակի և ինքնության պահպանման օր է։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում նշվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կարևոր է անդրադառնալ նաև Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը և Հայաստանի վերաբերյալ նկրտումներին։

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը, որը դարասկզբին ներկայացվում էր որպես տարածաշրջանային համագործակցության խթան, իրականում իրենից ենթադրոմ է դիվանագիտական տակտիկա։ Պատմաբան Հայկ Դեմոյանի խոսքով, այս մոտեցումը երբեք չի արտահայտել Թուրքիայի իրական քաղաքական նպատակները։ Նրա դիտարկմամբ, Թուրքիան շարունակում է վարել հավակնոտ և ծավալապաշտական քաղաքականություն, ինչը դրսևորվում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Սիրիայում, Հունաստանում և Կիպրոսում։

Հայ-թուրքական հարաբերություններում, Դեմոյանի գնահատմամբ, Թուրքիան օգտագործում է Հայաստանի պատրաստակամությունը՝ զիջումների գնալու բոլոր հարցերում։ Այս քաղաքականությունը, ըստ նրա, համաձայնեցված է Ադրբեջանի հետ, և նպատակ ունի առավելագույնը ստանալ Հայաստանից՝ առանց իրական փոխզիջումների։ Նա ընդգծում է, որ նույնիսկ այս զիջումներից հետո, Թուրքիան գործնական քայլեր չի ձեռնարկել՝ օրինակ, հայ-թուրքական սահմանը թեկուզ մասնակի բացելու ուղղությամբ։

Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշումը, ըստ պատմաբանի, վերջին տասնամյակում չի փոխվել։

Հայաստանի ներկայիս կշիռը, Դեմոյանի գնահատմամբ, շատ փոքր է, որպեսզի կարողանա ազդել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման վրա։

Պատմագետը ցեղասպանության ընդունման հարցում կարևոր է համարում Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը, որը գործնականում տեղի չի ունեցել։

Այսպիսով, Թուրքիան շարունակում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել ուժի և ազդեցության վրա՝ օգտագործելով պատմական ժառանգությունը և տարածաշրջանային մարտահրավերները՝ իր նպատակներին հասնելու համար։

Սեդա Մարտոյան