
Ո՞րն է Հայաստանի ամենաաղքատ մարզը․ Վիճակագրական կոմիտեն թվեր է ներկայացնում
Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը շարունակում է տարբեր լինել։ Վերջին տվյալներով՝ ամենաբարձր աղքատության մակարդակը գրանցվել է Շիրակում՝ 43.1 տոկոս, ինչը նշանակում է, որ մարզի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ապրում է նվազագույն կենսապահովման շեմից ցածր պայմաններում։ Շիրակին հաջորդում են Տավուշը՝ 37.2 տոկոս, և Գեղարքունիքը՝ 35.4 տոկոս: Այս մարզերում բնակիչների մեծ մասը կանգնած է աշխատաշուկայում սուղ աշխատավարձերի ու զբաղվածության սահմանափակումների առաջ։ Շիրակի բարձր աղքատության մակարդակը կարող է պայմանավորված լինել նաև 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հանգամանքով, քանի որ միինչ այժմ էլ աղետից տուժած անձինք շարունակում են բնակվել վագոնե տնակներում։
Սրան հակառակ՝ ամենացածր աղքատության մակարդակը գրանցվել է Սյունիքում՝ ընդամենը 7 տոկոս, ինչը փաստում է, որ մարզի բնակչության զգալի մասը կարողանում է ապահովել իր հիմնական կարիքները: Սա էլ պայմանավորված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առկայությամբ։ Բացի այդ՝ 2024 թվականին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Սյունիքի մարզում՝ շուրջ 330․000 դրամ։ Երկրորդ տեղում Երևանն է՝ շուրջ 329,000 դրամ։ Մյուս մարզերում միջին ամսական աշխատավարձը ցածր է հանրապետության մակարդակով գրանցված ամսական միջին աշխատավարձից՝ 287․000 դրամից։ Ամենացածրը Գեղարքունիքի մարզում է՝ 145․000 դրամ։
Տարբերությունը մարզերի միջև բարձր է և ցույց է տալիս տնտեսական ակտիվության ու ենթակառուցվածքների զարգացման կարևոր ազդեցությունը։ Մասնագետների խոսքով՝ աղքատության նվազեցման համար անհրաժեշտ է մարզային ծրագրերի մեծացում, ներդրումների ավելացում և աշխատատեղերի ստեղծում, որպեսզի մարզերի բնակիչները ունենան հավասար տնտեսական հնարավորություններ ու կարողանան բարելավել իրենց կյանքի որակը։