
Ֆուտբոլի անտեսված գործոնը․ ինչպե՞ս է հոգեբանությունը որոշում խաղի ելքը
Վերջին տարիներին ֆուտբոլը ավելի թիմային սպորտաձև է դարձել, քան նախկինում էր։ Եթե 10 տարի առաջ հանդիպման վերջնական արդյունքի վրա կարող էր ազդել ֆուտբոլիստներից մեկի անհատական որակները, ապա հիմա ֆուտբոլային հանդիպումները դարձել են տեխնիկա-տակտիկական։ Մարզիչները օրեր կամ, գուցե, ամիսներ շարունակ նախապատրաստվում են մրցավեճերի, ուսումնասիրում են մրցակցի թույլ և ուժեղ կողմերը, իրենց հնարավորությունները, ֆուտբոլիստների անհատական բնավորության հատկանիշներ և այլն։ Այս ամենի մեջ կարևոր դեր ունի նաև հոգեբանական մասը։
APA Sports Pshycology Survey-ի 2022 թվականի հոդվածը ուսումնասիրություն էր անցկացրել։ Անցկացված հարցումների արդյունքում՝ մարզիկների 90 տոկոսը հոգեբանական պատրաստությունն այնքան կարևոր են համարում, որքան ֆիզիկականը։ Հատկապես Օլիմպիական խաղերում, որը մարզիկի համար ամենակարևոր մրցաշարն է (եթե ֆուտբոլիստ չէ), նրանց մոտ 70 տոկոսը համագործակցում է հոգեբանի կամ, ինչպես սպորտային աշխարհում է ընդունված, mental coach-երի հետ։ Ըստ ուսումնասիրության՝ հոգեբանների աշխատանքի արդյունքում մարզիկների մոտ 10-15 տոկոսով աճում է կենտրոնացումը, 20-30 տոկոսով նվազում է անհանգստությունը մրցաշարերի ժամանակ, 5-10 տոկոսով բարելավվում են արդյունքները, իսկ թիմային սպորտաձերում հաղթանակների տոկոսը բարձրանում է 6-8 տոկոսով։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մոտ վերջին տարիներին հատկապես զգացվում է հոգեբանական կողմի խնդիրները։ Ճիշտ է, Հայաստանի ընտրանու խնդիրները միայն դրանով չեն վերջանում, բայց սա ամենակարևոր գործոններից մեկն է։ Դիտարկենք հավաքականի վերջին որակավորման փուլի մրցաշարը։ Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը 8 հանդիպումներում՝ միայն առաջին խաղակեսերում, 10 գոլ է բաց թողել (դրանցից երկուսը՝ ինքնագոլի արդյունքում)։ Ընդհանուր առմամբ այդ մրցաշարում մեր ընտրանին 18 գոլ էր բաց թողել։ Գոլերից 3-ը հավաքականը բաց է թողել հանդիպման սկզբնական մասում՝ մինչև 20-րդ րոպեն, հանդիպման առաջին խաղակեսի երկրորդ հատվածում հավաքականը 7 գոլ է բաց թողել։ Սա խոսում է, որ հավաքականը չի կարողանում բաց թողած գոլից հետո վերադառնալ խաղ ու փորձել շրջել խաղի ելքը։ Պորտուգալիայի դեմ կայացած հանդիպումը դրա վառ օրինակներից մեկն է։
Ֆուտբոլում հոգեբանության վրա աշխատելու վառ օրինակ է Անգլիայի հավաքականը, որը Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ մասնակցում էր Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը։ Նրանք 11-մետրանոցներով հաճախ էին դուրս մնում մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլերից։ Եվրո-2016-ից հետ Սաութգեյթը խումբ ստեղծեց, որպեսզի կարողանան 11-մետրանոց իրացնելիս հաղթանակի հասնել։ Նրանց ոճը հետաքրքիր էր։ Պարզվում է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուներ իր «ընկերը», որը ընդառաջ կգնար իր խաղընկերոջը 11-մետրանոցը վրիպելուց հետո, որպեսզի ճնշումը կրեին միասին։
Շվեյցարիայի դեմ Եվրո-2024-ի հետխաղյա 11-մետրանոց իրացնելիս անգլիացի ֆուտբոլիստները մրցավարրի սուլիչից հետո միջինում ավելի շատ ժամանակ էին տրամադրում հարվածելուն, քան շվեյցարացիները։ Մյուս կարևոր հոգեբանական ասպետկն այն էր, որ անգլիացի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը գնդակը պիտի փոխանցեր իր խաղընկերոջը, ով պատրաստվում էր հարվածել։ Նա պիտի դիմավորեր խաղընկերոջը տուգանային հրապարակի եզրում, և նրա հետ քայլելով՝ ուղեկցեր 11-մետրանոց հարվածի։ Սա հոգեբանորեն ճնշում էր մրցակցի (այս պարագայում շվեյցարացի Յան Զոմմերի) դարպասապահի վրա։
Ըստ նորվեգացի պաշտպան Յավ Ամանկվայի՝ ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը խաղի վրա կամ անհատի լավ խաղի վրա մեծ ազդեցություն կարող է տալ։ Ամանկվան հրաշալի օրինակ է բերում։ Ֆուտբոլիստը 20 մետրից շեղ հարված է կատարում, հաջորդիվ 45 վայրկյանի ընթացքում նրան ծափահարում են։ Սա, գուցե, լրատվամիջոցների, երկրպագուների կամ նույնիսկ մարզչական շտաբից վրիպում է, սակայն այդ փոքր վարքագիծը օգնում է ֆուտբոլիստին չկոտրվել։ «Բավարիայի» նախկին հոգեբան Մաքս Պելկան, ով 2022/23 մրցաշրջանում աշխատել է «ՌԲ Լայպցիգում» և այժմ աշխատում է «Բրայթոնում», յուրաքանչյուր խաղից հետո յուրաքանչյուր խաղացողի կեցվածքի, գլխի շարժումների և ձեռքի ժեստերի մանրամասն դիտարկումներ էր անում։ Սա նպաստում էր, թե որ հաջորդ ովքեր էին մեկնարկային կազմում դուրս գալու խաղադաշտ։
Ֆուտբոլում և առհասարակ սպորտում հոգեբանությունն ամենակարևոր գործոններից է՝ հաջողության հասնելու համար։ Հոգեբանորեն մեր հավաքականի ֆուտբոլիստները լավ վիճակում չեն։ Դրա վառ օրինակ է այն, որ համացանցում շատ օգտատերեր հումորային կերպով են արձագանքում պարտություններին, երբեմն էլ՝ հաղթանակներին։ Հոգեբանորեն թիմը ընկճվում է, երբ մրցակցի ֆուտբոլիստի խաղին երկրպագուներն ավելի են սպասում, քան իրենց։ Կամ որ մրցակցի ֆուտբոլիստի գոլը ցնծություն է առաջացնում մարզադաշտում։