ՀայաստանՍպորտ

Երիտասարդ մարզիկի հաջողությունը Եվրոպայում․ ուժային եռամարտում Գրիգոր Ղահրամանյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Մալթայում անցկացված ուժային եռամարտի «Սեղմում հենարանից» վարժաձևում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղահրամանյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Մրցաշարից հետո amnews-ը զրուցեց բրոնզե մեդալակրի հետ՝ հասկանալու հաղթանակի գաղտնիքը, հանդիպած դժվարությունները և ապագա ծրագրերը։

Մարզիկը պատմում է, որ իրեն օգնել է իր մարզիչ Արկադիա Զաքարյանը՝ հասնելու այս նվաճումներին։ Հիշում է իր առաջին մրցաշարը։ 2019 թվականին Հայաստանում նա դարձավ սեղմում հենարանից վարժության արծաթե մեդալակիր՝ 2,5 կգ-ով զիջելով Եվրոպայի չեմպիոնին։ Գրիգորը հիշում է, որ իր ծառայության տարիներին Արցախում մարզվելու պայմանները շատ սահմանափակ էին։ Մարզիչն իր անձնական ավտոտնակը վերածել էր մարզասրահի, որտեղ մարզվում էին ինքն ու ընկերը։

Հայաստանի գործող չեմպիոնի համար Մալթայում հեշտ չէր։ Նա նույնսիկ մտածում էր, որ իր մեդալ նվաճելու հնարավորությունները փոքր են։ Սակայն մրցաշարը այլ ճակատագիր էր նախատեսել նրա համար:

Չնայած այդ դժվարություններին՝ նրան այս ճանապարհին օգնել են իր ընկերները, ընտանիքն ու մարզիչը։ Կարծում է, որ ապագայում Հայաստանի կրկնակի ռեկորդակիր կարող է դառնալ։ Գրիգորի երազանքն է մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին՝ արծաթե և ոսկե մեդալ նվաճելու նպատակով։

Իննա Չոլոյան