ՀայաստանՔաղաքականություն

Արտաքին հետախուզությունը զգուշացնում է Ադրբեջանի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթի վտանգների մասին

Խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ մղվող «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթները։

Այս մասին նշվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցի «Հայաստան-Ադրբեջան» բաժնում։

Օգոստոսի 8-ի հռչակագրից հետո Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել նշված քարոզչությունը, այլև էականորեն ակտիվացրել է այն։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականին խնդիրներից է համարելու շարունակաբար գնահատել, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեմայի պետական մակարդակով առաջ մղման նպատակը։ Մասնավորապես, փորձ է արվելու պարզել՝ արդյոք այդ խոսույթը վերածվում է նոր գաղափարախոսության, թե այն ուղղված է Արցախի հայերի վերադարձի թեմային հակազդելուն։

Զեկույցում նշվում է նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի շարունակական աճի փաստի մասին։ Դա գերազանցում է այլ ոլորտներին ուղղվող ծախսերի աճը և հաճախ իրականացվում է հենց այդ ոլորտների հաշվին։

Զեկույցի համաձայն՝ 2026 թվականի ընտրություններով պայմանավորված հիբրիդային սպառնալիքներն ավելի ընդգրկուն են դառնալու։

Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային գործողությունները, ըստ զեկույցի, հետապնդում են մի շարք նպատակներ. արժեզրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, իմաստազրկել դրա ձեռքբերումները, խաթարել դրական մթնոլորտը, շահարկել Արցախից տեղահանված քաղաքացիների զգայնությունները։

Ծառայության կանխատեսմամբ՝ 2026 թվականին զգալիորեն կակտիվանան նաև «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալուն ուղղված հիբրիդային գործողությունները։ Մանավանդ, որ 2025 թվականի երկրորդ կեսին արդեն ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարներն իրականացնում են որոշակիորեն համընկնող գործողություններ։

Մարինա Գրիգորյան