
Խոշտանգման մեղադրանքով պաշտոնատար անձը դատապարտվել է ազատազրկման
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և քրեակատարողական հիմնարկի աշխատակցին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Վերջինիս նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի մարտի 16-ին Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում մեղադրյալ Ա.Ա.-ին խոշտանգելու համար։
Դատախազը միջնորդել էր Դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որը համապատասխանում է պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձանց կողմից խոշտանգում կատարելով հանցանք գործելուն։
Սա Հայաստանում խոշտանգման հոդվածով կայացված երկրորդ դատավճիռն է։ Առաջինը նույնպես կապված է Աղաջանյանի հետ։ Նույն գործով 7․5 տարի ժամկետով դատապարտվել էր նաև քրեակատորաղական հիմնարկի մայոր Արմեն Հովհաննիսյանը։