
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պատահարների գործով 2 անձանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թվականի ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վարդան Մանուկյանը, նախնական տվյալներով, խախտել են հրդեհային անվտանգության կանոնները։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք (357-րդ հոդվածի 2-րդ մասով)։ Որպես խափանման միջոց՝ կիրառվել է բացակայելու արրգելքը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ընկերությանը պատկանող շուրջ 46 մլն դրամ, առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ շուրջ 15 մլն և տնտեսվարող ԱՁ-ների շուրջ 504 մլն դրամ արժողության գույքերը:
Միևնույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14-ին բռնկված հրդեհի ժամանակ էլ հնարավոր չի եղել կանխել դրա տարածումը՝ վերը նշված խախտումների պատճառով։ Արդյունքում ուժեղ պայթյուն է գրանցվել։
Հիշեցնենք, որ Սուրմալուի պայթյունի պատճառով 18 քաղաքացի էր մահացել։ Բազմաթիվ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, մոտ 105 անձի գույքային վնաս է պատճառվել։ Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: