
«Գազելի» ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր` հունվարի 6-ին, Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Դրա հետևանքով 13 անձ էր տուժել։
Ժամը 13:50-ի սահմաններում Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով Ապարանի Բժշկական կենտրոն է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Վերջիններս առաջին բուժօգնությունից հետո դուրս են գրվել։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշել է, որ մեծահասակներից 2-ը դուրս է գրվել, 3-ը հոսպիտալացվել են, բայց առաջիկա ժամերին դուրս կգրվեն։ Տուժած 1 անձ դիմել է Աշտարակի Բժշկական կենտրոն։ Վիճակը բավարար է, շուտով դուրս կգրվի։ Մամուլի խոսնակը հավելել է, որ ոչ մի տուժածի կյանքին սպառնացող վտանգ չկա, ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր չկան։