ԱշխարհՊատահար

Հրդեհներ Լոս Անջելեսում․ կան զոհեր և վիրավորներ

Լոս Անջելեսում հունվարի 7-ին բռնկված անտառային հրդեհները լուրջ վնասներ են հասցրել քաղաքին և շրջակա տարածքներին։ Վերջին տվյալներով՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, տարհանվել է շուրջ 70,000 բնակիչ, և այրվել է ավելի քան 1,000 շինություն։ Պաշտոնական տվյալներով՝ Լոս Անջելեսում և նրա մերձակայքում բնակվում է ավելի քան 300,000 հայ։

Հրդեհները տարածվել են քաղաքի արևմտյան շրջաններում, ներառյալ Փասադենան, Փելիսեյդը, Սանտա Մոնիկան, Մալիբուն և Սիլմարը։ Ուժեղ քամիները և չոր եղանակը նպաստել են կրակի արագ տարածմանը, ինչը դժվարացրել է հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհի հետևանքով տուժել է նաև Փասադենայի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը, որը ամբողջությամբ այրվել է։

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն և զգուշացրել բնակիչներին հնարավոր տարհանման մասին։ Հրդեհների հետևանքով վտանգված են ավելի քան 13,000 շինություն։ Իշխանությունները կոչ են անում բնակիչներին հետևել անվտանգության ցուցումներին։

Իշխանությունները հայտարարում են, որ քամիների ու ցածր խոնավության պատճառով հրդեհները շարունակում են նոր տարածքներ գրավել. վտանգի մեջ են շրջանի բոլոր բնակավայրերը։