
Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով
Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի հարավում խոշոր անտառային հրդեհների հետևանքով։ Տարհանվել է մոտ 180 հազար մարդ։ Այրվել է մոտ 12 հազար շինություն։ Սրա մասին հւոնվարի 12-ի երեկոյան հայտնել է The Washington Post-ը։
Նախազգուշացնում են, որ հաջորդ շաբաթվա սկզբին Լոս Անջելեսում քամիները կարող են ուժեղանալ։ Այն կարող է խթանել անտառային հրդեհների արագ տարածումը, որոնք մոլեգնում են քաղաքում արդեն վեցերորդ օրն անընդմեջ:
Լոս Անջելեսի հրդեհները սկսվել են հունվարի 7-ին։ Գույքային վնասները գնահատվում են մոտ 150 միլիարդ դոլար։ Հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել։ Ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։ ՀՀ ԱԳՆ-ի վերջին տվյալներով՝ զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Ավերիչ հրդեհների հետ կապված գրառում է կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ: Հայաստանը իր համերաշխությունն է հայտնում տուժածներին, ներառյալ՝ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքին: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»։
Պաշտոնական տվյալներով՝ Լոս Անջելեսում և նրա մերձակայքում բնակվում է ավելի քան 300,000 հայ։