ՀայաստանՊատահար

Բուքմեյքերական կայքերից հափշտակվել է շուրջ 110 միլիոն դրամ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021-2022 թվականներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, համակարգչային հափշտակության միջոցով Հայաստանում գործող բուքմեյքերական կայքերից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար: Նախաքննությունը ավարտվել է։ Պարզվել է, որ գործում ներգրավված են եղել 4 տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված 7 անձ։

Հայտնաբերվել է, որ հանցավոր խմբերը տեղյակ են եղել ՀՀ երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերությունների մասին: Օգտագործելով այս թերությունները՝ նրանք բուքմեյքերական կայքերում իրենց և այլ անձանց անունով գրանցել են խաղային հաշիվներ, մուտքագրել գումարներ և կատարել ցածր ռիսկով խաղադրույքներ: Ապա, ծրագրային թերություններից օգտվելով, շահույթը կանխիկացրել են միաժամանակ երկու բանկոմատներից՝ իրականացնելով բազմաթիվ գործարքներ:

Բացի այդ՝ 2022 թվականի փետրվարին կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից՝ համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի գումար։

Ընդհանուր առմամբ՝ երկու խարդախությունների արդյունքում հափշտակվել է 110 միլիոն դրամ։

Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Հանցավոր խմբերում ներառված մյուս անձանց, ինչպես նաև այլ հանցավոր խմբերի մասով նախաքննությունը շարունակվում է: