ՀայաստանՊատահար

Ոստիկանության համազգեստով մարդիկ հարձակվել են հյուրանոցում գտնվող մարդկանց վրա և թալանել նրանց․ ի՞նչ է հայտնի

Հոկտեմբերի 10-ին Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում տեղի է ունեցել ավազակային հարձակում, որի հանգամանքները բացահայտվել են։ Հանցագործները ոստիկանների համազգեստով դիմակներով ներխուժել են հյուրանոց և թալանել այնտեղ գտնվող անձանց։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Պարզվել է, որ 9 հոգուց կազմված ավազակային խմբի անդամները մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի։

Ավելի ուշ պարզվել է, որ խմբի անդամներից միայն մեկն է հայ եղել, իսկ մնացած 8-ը՝ օտարերկրացիներ։ Նրանցից 4-ը փորձել է լքել Հայաստանը, բայց բռնվել Մեղրիի անցակետում։ Այս պահին ձերբայալվել են խմբի 7 անդամներ։ Մյուս 2-ի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրի մոտ հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ և ձեռնոցներ։ Ավագ քրեական ոստիկան Դավիթ Բաբինյանը նշել է, որ որոշ իրեր հանցագործները դիտավորյալ նետել են փախուստի ժամանակ, իսկ մյուսները կորել են ճանապարհի կտրուկ վայրէջքի պատճառով։

Հանցագործների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նաև գողոն հանդիսացող պլանշետներ, բջջայիններ և գումար։