
Անկարգություններ մետրոյում․ 5 անձ ձերբակալվել է
Փետրվարի 1-ին՝ ժամը 21։12-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքը արտակարգ կանգառ է կատարել, քանի որ քաղաքացիներից մեկը գնացքի մեջ սեղմել է «Ստոպ» կոճակը։ Մինչ գնացքավարը դիսպետչերին հայտնել է տեղի ունեցածի մասին, այդ ընթաքում բաց տարածքում 4-5 դիմակավորված անձինք անցել են պատն ու սկսել գնացքի վրա գունավոր ներկերով ինչ-որ գործողություններ անել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Մետրոպոլիտենից նշեցին նաև, որ դիմակավորված անձինք քարեր են նետել մետրոյի գնացքի ուղղությամբ, այնուհետև՝ դիմել փախուստի։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստանի սահմանը հատելիս՝ Բագրատաշենի անցակետում նրանք հայտնաբերվել են և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել։ Պարզվել է, որ նրանցից մեկը Լիտվայի, չորսը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են։