ՀայաստանՊատահար

Համայնքին պատճառված ավելի քան 13 մլն 953 հազար դրամ գույքային վնասը վերականգնվել է

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրած գումարները չեն մուտքագրել համայնքի բյուջե: Ընդհանուր առմամբ, կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 13 մլն 953 հազար 417 ՀՀ դրամ գումար չի ներկայացվել։

Պարզվել է նաև, որ նրանք պատրաստել և օգտագործել են վճարման չափն ու փաստը հաստատող կեղծ անդորրագրեր։ Մասնավորապես 2021 թվականին նրանք տեղի բնակիչների աղբահանության համար տված գումարների դիմաց տվել են նրանցից ստացված գումարներին համապատասխան, իր կողմից կատարված ձեռագիր նշագրումներով անդորրագրեր, սակայն դրանց երկրորդ օրինակների վրա կատարել է կեղծիք՝ դրանցում նշելով փաստացի գանձվածից քիչ գումարներ, որոնք ներկայացրել է Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջան: Արդյունքում, համայնքին պատճառվել է 13 մլն 953 հզր 417 դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, քանի որ նրանք զղջացել են իրենց քայլի համար։

Գ.Մ.-ի նկատմամբ, ով մեծ դերակատարում է ունեցել այդ գործում, հարուցվել է հանրային քրեական հետապնդում առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելու մասերով։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։