
Հրդեհ Ստեփանավան քաղաքում․ 27 հոգի տարհանվել է
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է փայտե մոտ 450 քմ տարածքում՝ շենքի 2-րդ հարկում և տանիքում։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հայտնաբերվել է 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացիներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեք բնակիչներ ստացել են առաջին բուժօգնություն և առաջիկայում դուրս կգրվեն։ Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ։ Նրանք տեղափոխվել են Երևան։ Այդ բնակիչներից մեկի վիճակը կայուն ծանր է։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Երկուսի վիճակը թեթև է։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 հրշեջ-փրկարարներ։ Կանխվել է հրդեհի տարածումը, սակայն հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Աշոտաբերդ թաղամասում տները հիմնականում կառուցված են փայտից։ Սա այդտեղ գրանցված հրդեհի առաջին դեպքը չէ։ 2018 թվականին նույնպես 2 հոգի մահացել էին նույն փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի պատճառով։