ՀայաստանՊատահար

Վիճաբանություն 97 համարի ավտոբուսում․ վարորդները ենթարկվել են բռնության

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել 97 համարի ավտոբուսում։ Վարորդը ուղևորներին հորդորել է վճարում կատարել։ Դրանից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Բախման ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։ Նշենք, որ 97 համարի ավտոբուսի երթուղին Նուբարաշենից մինչև Նոր Նորքի առաջին զանգված է հասնում։

Միջադեպի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Նշենք նաև, որ վարորդների պարտականությունների մեջ չի մտնում հետևել փոխադրավարձի խախտումներին։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նշված է, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը՝ տվյալ դեպքում քաղաքապետարանը, պարտավոր է`

1) ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ.

2) երթուղու սպասարկման ընթացքում ապահովել ուղևորների տոմսավորումը և թույլ չտալ սահմանված փոխադրավարձի խախտում,

3) ապահովել ուղևորների բարեկիրթ և անվտանգ սպասարկումը, ավտովարորդների բարյացակամ վերաբերմունքը և պատշաճ արտաքին տեսքը և այլն։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է սկսել իրականացնել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում՝ սահմանված կանոնների պահպանումը և վճարումների կարգավորումը ապահովելու համար։ Ըստ այդմ՝ քաղաքապետարանը վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում զանցառուներին.միջոցառումներ է իրականացնում այդ զանցանքների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման համար: Նախկինում քաղաքապետարանից հայտարարել էին, որ ավտոբուսներում փետրվարի 1-ից կլինեն հսկիչներ, ովքեր կհետևեն վարորդների աշխատանքին։