
Մոսկվայից Երևան թռիչքի ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել
«Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից ընդամենը 40 րոպե անց ստիպված է եղել վերադառնալ «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Ուղևորներից մեկը պատմել է, որ ինքնաթիռը պետք է թռներ ժամը 08։00-ին, սակայն ուշացել էր 20 րոպեով և միայն 08։20-ին սկսել էր թռիչքը: Բայց արդեն 40 րոպե անց անձնակազմը տեղեկացրել է, որ ինքնաթիռը պետք է վերադառնա օդանավակայան՝ տեխնիկական անսարքության պատճառով:
Flightradar-ում երևում է, որ ինքնաթիռը մի քանի շրջան է կատարել Տուլայից դեպի հյուսիս, նախքան Մոսկվա վերադարձնելը: Ուղևորները տեղափոխվել են այլ ինքնաթիռ և վերոնշյալ կայքի տվյալներով՝ արդեն շարժվել է Երևան։
Քաղավիացիայից դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն հաղորդվել։