Արենիում ապօրինի պահվող բեզոարյան այծ է հայտնաբերվել. վնասը գնահատվում է 15 միլիոն դրամ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են ապօրինի պահվող բեզոարյան այծ։
Պարզվել է, որ Աղավնաձորի բնակիչ Վ.Օ.-ն դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակն իր տանն էր պահում։ Կենդանին առգրավվել է և տեղափոխվել Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։
Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 15 միլիոն դրամ։ Հարուցվել է վարչական վարույթ, և նյութերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։
Բեզոարյան այծը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակներից է։
Վերջին օրերին գտնվել և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն են տեղափոխվել երեք գորշ արջեր, որոնք նույնպես եղել են Կարմիր գրքի «բնակիչներ»։
