ՀայաստանՊատահար

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգենիկ նորմերի խախտումներ

«Սավա» ՍՊԸ-ին պատկանող պտուղ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Արտադրամասում իրականացված վերահսկողությունը պարզել է, որ պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները չեն ապահովվել, արտադրամասը սարքավորված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով՝ ձեռքերը լվանալու համար, ապահովված չի եղել տաք ջրով։

Առաստաղները, շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չկանխարգելելով կեղտի կուտակումը, մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև  պատերի վերին մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մուտքի դուռը ենթարկված է եղել կոռոզիայի, իսկ սննդամթերքի արտադրության ընթացքում գոյացած թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական տարածքից:

Սնդի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ:

Սեդա Մարտոյան