ՀայաստանՊատահար

3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել հայրը՝ համաձայն նախաքննության տվյալների

Նախնական տվյալներով երեք տարեկան Տիգրանը սպանվել է խեղդամահ լինելու հետևանքով․ հանցանքը, ըստ նախաքննության տվյալների, կատարել է երեխայի հայրը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երկու եղբայրները տնից դուրս են եկել, ապա հանդիպել են հորը։

«Երեխայի հայրը նշել է, որ դեպքը վրա է հասել ընտանեկան որոշակի հարցերի շրջանակներում։ Այլ տվյալներ հանրայնացնել այս պահին չեմ կարող»,– պատմել է նախարար Սարգսյանը՝ հավելելով, որ այս վարկածը քննվել է առաջին իսկ օրերից։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ներգրավված են եղել մասնագետներ, որպեսզի երեխայի եղբոր վկայությունները ստացվեն առանց հոգեբանական վնասի։ Ավելի վաղ երեխայի հորաքույրը հայտնել էր՝ Տիգրանի համր եղբայրը, ով դեպքի պահին նրա կողքին էր, պարբերաբար ձեռքով ցույց է տալիս կոկորդը. սա առաջացրել էր ենթադրություններ՝ խեղդելու վարկածի մասին։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, որոնողական երկարատև աշխատանքներից հետո հայտնաբերվել էր հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրանի մարմինը՝ Ջիլ գյուղի դաշտամիջյան հատվածում։

Մարինա Գրիգորյան