
Արտարժույթի փոխանակման շուկայում նոր խարդախություններ են գրանցվել
Սոցիալական տարբեր կայքերում հայտարարություններ են տարածվում այն մասին, որ քաղաքացիները կարող են բարձր արժեքով փոխանակել իրենց արտարժույթները՝ մասնավորապես ռուբլին։ Սա գայթակղում է քաղաքացիներին, քանի որ փոխանակման համար առաջարկված գինը ավելի բարձր է, քան տարադրամի փոխանակման կետերում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին: Վերջինիս հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբր շատ զբաղված է, և գումարը կվերցնի իր մտերիմը՝ նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա, ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։
Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն և չի վերադառնում։ Խարդախի ծուղակում հայտնված անձը, թանկարժեք ավտոմեքենայում սպասելով, չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է կամ էլ վարորդն ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով՝ քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը՝ մնալով ձեռնունայն։
ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին խորհուրդ է տալիս կատարելու արտարժույթի փոխանակում միայն լիցենզավորված արժութային գործակալների միջոցով՝ խարդախության զոհ չդառնալու նպատակով։