ՀայաստանՊատահար

Տղամարդը կոնֆետներ է հյուրասիրել երեխային․ վերջինս թունավորվել է

Երեկ՝ ապրիլի 6-ին թունավորման դեպք է գրանցվել Երևանում։ Պարզվել է, որ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագման, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ: Այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց: Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան ու վարորդին։

Վերջինս խոստովանել է, որ, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետները իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է: Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նմանատիպ դեպք էր գրանցվել նաև Գորիսում։ Անհայտ անձը ծամոններ էր բաժանել երեխաներին, սակայն ծնողները կարողացել էին կանխարգելել հետագա վնասները և արգելել էին երեխաներին օգտագործել դրանք։ Հետո արդեն Քննչական կոմիտեից հայտնել էին, որ որևէ արտասովոր բան չի եղել և քաղաքացի պարզապես հյուրասիրել է երեխաներին։

Թե ինչքանով են կապված այս երկու դեպքերը իրար, դժվար է ասել։ Այնուամենայնիվ պետք է զգուշանալ և երեխաներին իրազեկել նման դեպքերից խուսափելու համար։