ՀայաստանՊատահար

Ընտրակաշառք առաջարկած անձը դատապարտվել է ազատազրկման

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ՝ հունիսի 19-ին, Արարատի մարզի բնակիչներից մեկը այցելել է համագյուղացու տուն և առաջարկել յուրաքանչյուր ձայնի համար 30 հազար դրամ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու համար։ Ընտանիքի հայրը մերժել է առաջարկը։ Նա նաև ընտրակաշառք է առաջարկել ընտանիքի դուստրերին։ Նրանցից մեկը համաձայնել և ստացել է գումարը։

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Կ․Խ․-ին, ով մեղադրվում է կաշառք տալու ենթադրյալ հանցագործության մեջ։ Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով՝ նրա նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել էր հետախուզում։ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

2024 թվականի մարտի 5-ին Կ.Խ.-ն ներկայացել էր Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ձերբակալվել էր: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էին համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճռով Կ.Խ.-ն մեղավոր էր ճանաչվել, նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով (պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով):

Կ.Խ.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ Գլխավոր դատախազության կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը մերժվել էր: