
Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները
Լոռու մարզում գտնվող պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը կաշառք է առաջարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցին։ Ընկերության տնօրենը դիմել է նման քայլի՝ իմանալով, որ Դեբեդ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար։
Տնօրենը իր աշխատակցին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել տեսուչի հետ՝ վերցված նմուշները կաշառքի դիմաց փոխելու վերաբերյալ: Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, աշխատակիցը տեսուչին որպես կաշառք տվել է գումար և բենզինի կտրոններ: Տեսչական մարմնի պաշտոնյան թափել է Դեբեդ գետի տարբեր հատվածներից նախօրոք վերցված նմուշները և դրա փոխարեն ընկերության աշխատակցի մատնանշված վայրից վերցրել նոր նմուշներ:
Փոխարինված նմուշների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Դեբեդ գետի ջրի որակը համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված 3-րդ (միջակ) դասին, որն ունի ոռոգման նպատակով օգտագործման նշանակություն:
Կաշառք տալու գործընթացը կազմակերպելու համար ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու գործով (ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով), ընկերության աշխատակցին՝ կաշառք տալու համար (436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով) , իսկ տեսչական մարմնի գլխավոր տեսուչը մեղադրվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ այլ ապօրինի գործողության միջոցով կաշառք ստանալու մեջ(ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: