ՀայաստանՊատահար

Ցմահ ազատազրկում Շամիրամում 4 եզդիների սպանության գործով

2017 թվականին Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի սգո սրահում կատարված սպանության գործով անցնող Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Դատավճիռը կայացվել է այսօր՝ ապրիլի 17-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Ըստ մեղադրանքի՝ Քալաշյանը 2017 թվականի օգոստոսի 1-ին, ապօրինի հրազենով, սպանել է 4 քաղաքացու, ևս 7-ին պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Փախուստի ժամանակ նա կրակել է իրեն հետապնդող քաղաքացու ուղղությամբ, ով եղել է դեպքի ականատեսը։ Սպանության շարժառիթը տոկոսով տրված գումարը վերադարձնելու ցանկություն է եղել։ Քննության տվյալներով՝ 2013 թվականին Քալաշյանը, տոկոսով 75.000 դոլար գումար է տվել Ռուսաստանում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45.000 դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին: Վերջինս չի ընդունել նրանց պատճառաբանությունները և սկսել սպառնալ նրանց և նրանց հարազատներին։ Գործը ավարտվել է սպանությամբ։

Քալաշյանին մեղադրանք էր առաջադրված սպանության, սպանության փորձի և ապօրինի զենք կրելու համար՝ ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Դատավարությունը շուրջ 8 տարի է տևել։