
Վիվասելի ինտերնետը չի աշխատում․ ընկերությունը մեկնաբանել է
Ապրիլի 18-ին Վիվասել ընկերության բաժանորդները մի շարք տարածքներում ինտերնետ կապի խափանումներ են ունեցել։ Տարբեր շրջաններից բաժանորդները նշել են, որ մոբայլ ինտերնետն ամբողջությամբ անհասանելի է եղել կամ զգալիորեն դանդաղ աշխատել։
Ի պատասխան դժգոհություններին՝ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ խափանումը տեղի է ունեցել ենթահամակարգերից մեկում արձանագրված վթարի հետևանքով։
Առանձին տեղանքներում կարող են առկա լինել դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված։ Արագ արձագանքման թիմը գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Ցանցի աշխատանքը աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի, – ասվում է Վիվասելի հաղորդագրության մեջ։
Ընկերությունը չի մանրամասնել, թե որ ենթահամակարգում է տեղի ունեցել վթարը և երբ կապը լիարժեք կվերականգնվի։