ՀայաստանՊատահար

Գազամատակարարումը դադարեցվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում

Շիրակի մարզի մի շարք համայնքներ ապրիլի 21-ի կեսօրից մնացել են առանց գազի։ Պատճառը հողային աշխատանքների ընթացքում միջին ճնշման ստորգետնյա գազատարի վնասվելն է։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 11։30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ գազատարը վնասվել է կողմնակի անձանց կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ։ Արդյունքում գազամատակարարումը դադարեցվել է Սարակապ, Աղին, Իսահակյան, Հայկաձոր, Քարաբերդ, Ջրափի և Բագրավան գյուղերում։ Առանց գազի են մնացել նաև այդ տարածքներում գործող հանրային նշանակության մի շարք կառույցներ։

Տեղում արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները։ Գազամատակարարման վերագործարկումը նախնական տվյալներով սպասվում է ժամը 20։00-ի սահմաններում։

Նշենք, որ գազատարների վնասման նման դեպքերը վերջին տարիներին դարձել են ավելի հաճախակի, հատկապես՝ շինարարական կամ հողային աշխատանքների ընթացքում անվտանգության նորմերի անտեսման հետևանքով։