
Ցմահ ազատազրկում՝ 4 մարդ սպանելու և 7-ին վիրավորելու համար
Դատարանը մեղավոր է ճանաչել Թելման Քալաշյանին՝ չորս մարդու սպանության և յոթ քաղաքացու տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառելու համար։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման։
Քալաշյանը 2017 թվականի օգոստոսի 1-ին, ապօրինի հրազենով, սպանել է 4 քաղաքացու, ևս 7-ին պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Փախուստի ժամանակ նա կրակել է իրեն հետապնդող քաղաքացու ուղղությամբ, ով եղել է դեպքի ականատեսը։ Սպանության շարժառիթը տոկոսով տրված գումարը վերադարձնելու ցանկություն է եղել։ Քննության տվյալներով՝ 2013 թվականին Քալաշյանը, տոկոսով 75.000 դոլար գումար է տվել Ռուսաստանում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45.000 դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին: Վերջինս չի ընդունել նրանց պատճառաբանությունները և սկսել սպառնալ նրանց և նրանց հարազատներին։ Գործը ավարտվել է սպանությամբ։
Կրակոցների արդյունքում տեղում մահացել են չորս մարդ, ևս յոթը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։
Դատարանը, հիմք ընդունելով ներկայացված ապացույցները, ընդունել է մեղադրող կողմի դիրքորոշումը և կայացրել պատժի ամենախիստ որոշումը՝ ցմահ ազատազրկում։