ՀայաստանՊատահար

Գյումրիում բացահայտվել է թմրանյութեր տարածող խումբ

Գյումրիում հայտնաբերվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց խումբ։ Ապրիլի 17-ին ոստիկանները ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու։ Նա ապօրինի թմրանյութեր է ձեռք բերել և դրանք տեղադրել թաքստոցներում։ Նա խոստովանել է իր հանցանքը և նշել որ կպչուն ժապավենով փաթաթված մի քանի փաթեթներ արդեն տեղադրել է Գյումրու տարբեր հատվածներում։

Նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև 23-ամյա մի գյումրեցի։ Ըստ նախնական տվյալների՝ նա «Տելեգրամ» հավելվածի միջոցով է զբաղվել թմրանյութերի իրացմամբ։ Նրա մոտ հայտնաբերվել են ավելի քան 36 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և փականով դանակ։

Բացի այդ, Շիրազի փողոցում ձերբակալվել են երեք երիտասարդներ, որոնք թմրանյութեր էին տեղափոխում գյումրեցու վարձակալած մեքենայով։ Նրանց մոտ նույնպես թմրանյութեր են հայտնաբերվել։

32 և 23-ամյա տղամարդկանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նրանք կալանավորվել են։ Քննությունը շարունակվում է։