ՀայաստանՊատահար

Գյումրիում պարեկների նկատմամբ բռնություն գործադրած երեք անձ է ձերբակալվել

Ապրիլի 28-ին Գյումրու Հալաբյան փողոցում պարեկային ծառայողները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, որի 22-ամյա վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ նրան տեղեկացրել են, որ նա զրկվում է վարորդական իրավունքից։ Դրանից հետո վարորդը հարձակվել է պարեկների վրա և բռունցքով հարվածներ հասցրել նրանց։

Միջադեպին մասնակցել են նաև մեքենայի երկու ուղևորները, որոնք քաշքշել և հարվածել են ոստիկաններին։ Երեք անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է փականով դանակ։ Ուղևորները նույնպես ալկոհոլի ազդեցության տակ են եղել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ քրեական օրենսգրքով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու համար նախատեսվում է ազատազրկում։