ՀայաստանՊատահար

Շինանյութի խոշոր ընկերությունը 4 միլիարդ դրամի շրջանառություն է թաքցրել. ՊԵԿ-ը բացահայտել է խախտումը

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է խոշոր հարկային խախտում շինանյութի ոլորտում։ Ոլորտի առաջատար ընկերություններից մեկն առանց հարկային փաստաթղթերի իրացրել է շուրջ 4 միլիարդ դրամի ապրանք՝ էականորեն թերհայտարարագրելով իր շրջանառությունը։

Հետաքննության շրջանակում միաժամանակյա ստուգումներ են իրականացվել ընկերության վաճառքի կետերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են նախաքննության համար արժեքավոր տվյալներ։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ: Արդյունքում՝ պետությունը կորցրել է մոտ 1.1 միլիարդ դրամ։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու» հիմքով։ Ընկերության հասցեներում իրականացված խուզարկությունների արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, կրիչներ և այլ նյութեր։

Հիշեցնենք, որ նման դեպք գրանցվել էր նաև ապրիլի սկզբին։ Շինանյութ վաճառող ընկերությունը շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն էր իրականացրել՝ պետությանը պատճառելով շուրջ 250 միլիոն դրամի վնաս։