ՀայաստանՊատահար

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մարզի Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Պարզվել է, որ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև հատուկ տեխնիկայի օգնությամբ «VAZ»-ի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։