
Նոր Նորքում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև
Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի մասնակիցներ են եղել թաղապետարանի աշխատակիցները և ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Այս միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չախոյանը այցելել էր թաղապետարան՝ հանդիպելու Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից երևում է, որ երկրորդ անգամ թաղապետարան գնացած Չախոյանը պահանջում է հանդիպել թաղապետի հետ, սակայն աշխատակիցներից մեկը նրան տեղեկացնում է, որ Տեր-Մարգարյանն պատրաստ չէ հանդիպել։ Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի։ Տեսանյութում նաև երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Երևանի քաղաքապետարանը դեռևս միջադեպի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Միջադեպը տեղի է ունեցել Նոր Նորքի թաղապետարանի շենքում, որտեղ Չախոյանն արդեն երկրորդ անգամ էր եկել՝ պահանջելով բացատրություն ու պատասխաններ թաղապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։ Ավելի վաղ՝ ապրիլի 29-ին, Չախոյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը փորձել էին հանդիպել Տեր-Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չկայացավ։ Փոխարենը Մանուկյանը շենքի առաջին հարկում դռան վրա կախել էր Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրայից յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա իր պատասխանը թաղապետի հայհոյանքներին։
Նշենք, որ Արթուր Չախոյանը Տիգրան Տեր–Մարգարյանին ցանկանում էր հանդիպել Նոր Նորք վարչական շրջանում աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով։
Մեզ հաջողվեց կապ հաստատել աղմկահարույց տարածքի բնակիչներից մեկի հետ։ Վերջինս Amnews-ի հետ զրույցում նշեց, որ Չախոյանը անընդհատ մանկապարտեզի մոտ է լինում, փորձում ինչ-որ բաներ նկարել, ինչ-որ բաներ ապացուցել, սակայն մանկապարտեզը շատ լավ են կառուցվել և նախկին «երկաթով հավաքված մանկապարտեզից ոչինչ չի մնացել»։