ՀայաստանՊատահար

Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի գործով վեց անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա երեք աշխատակիցների, ինչպես նաև ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նույն խափանման միջոցն է ընտրվել գործով անցնող բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ։

Նշենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք ակտիվիստ Արթուր Չախոյանի և թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցել էր նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Միջադեպի ընթացքում Չախոյանը մարմնական վնասվածքներ էր ստացել, որից հետո ձերբակալվել, ապա տեղափոխվել էր հիվանդանոց, այնտեղից էլ՝ ազատ արձակվել։

Դեպքից հետո քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով՝ այն է՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն»։ Նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին և ևս երեք աշխատակցի։

Չնայած հարուցված գործին՝ Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։

Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ «խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։