ՀայաստանՊատահար

Լոռու մարզում անտառահատումների դիմաց կաշառք ստանալու գործով ութ անձ է մեղադրվում

Լոռու մարզում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի ամբողջ համակարգ է հայտնվել իրավապահների թիրախում։ Անտառտնտեսության տնօրենը և հինգ անտառապետներ ամիսներ շարունակ «կանաչ ճանապարհ» են բացել ապօրինի ծառահատողների համար՝ կաշառքի դիմաց։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ 2024-ի հունիսից սեպտեմբեր ընկած ամիսներին անտառտնտեսության պատասխանատուները թույլ են տվել, որ մի շարք մարդիկ ծառահատումներ կատարեն ոչ միայն առանց խոչընդոտների, այլև՝ տոմսերում նախատեսված քանակից շատ։ Այդ գործողությունների դիմաց նրանք մի շարք անձանցից շուրջ 1․5 միլիոն դրամ կաշառք են ստացել։

Քննչական մարմինը փաստում է՝ գործարքներն իրականացվել են նպատակային՝ ծառայողական լիազորությունների և ազդեցության օգտագործմամբ։ Տնօրենն ու անտառապետները մեղադրվում են կաշառք ստանալու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և այլ՝ ընդհանուր 23 դրվագով։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրանց կաշառք առաջարկած երկու անձի նկատմամբ։

Հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնատար վեց անձի նկատմամբ կիրառվել է կալանքը և տնային կալանքը։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին։