
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով Երևան թռիչքները հետաձգվել են
Մայիսի 7-ի գիշերը Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Ժուկովսկի» և Կազանի օդանավակայաններում գործարկվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ ինքնաթիռների թռիչքների հետ կապված։ Դրանց պատճառը գիշերը ուկրաինական դրոնների հարձակումն էր։
Ըստ հաղորդման՝ «Շերեմետևո»-ում սահմանափակումները գործել են Մոսկվայի ժամանակով 01:00-ից մինչև 05:30:
Այս գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել դեպի Հայաստան կատարվելիք թռիչքների ժամանակացույցի վրա։ Amnews-ի տեղեկություններով՝ Մոսկվա–Երևան ուղղությամբ վեց չվերթներ հետաձգվել են։ Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքում տեսնում ենք, որ դեպի Հայաստան եկող 6 ինքնաթիռի թռիչք է հետաձգվել։
Օդանավակայաններում տեղի ունեցող սահմանափակումների հետևանքով մի շարք չվերթներ նույնպես տեղափոխվել են այլ, պահեստային օդանավակայաններ, իսկ որոշները դեռ սպասում են թռիչքի թույլտվությանը։