Մարմարիկում շարունակվում են 2-ամյա երեխայի որոնումները. գետի հոսքը կանգնեցվել է
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում չորրորդ օրն է՝ չեն դադարում մայիսի 4-ից անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Վաղ առավոտից գործողությունները վերսկսվել են՝ ներառելով ավելի քան 170 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ, կինոլոգիական խմբեր, ոստիկանության 150 ծառայող, ինչպես նաև Մարմարիկի բնակիչներ ու կամավորներ։
Արձագանքման գործողություններում կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր և ջրափրկարարական նավակներ։
Ներկայումս Մարմարիկ գետի հոսքը ժամանակավորապես կանգնեցվում է՝ գետի հատակը մանրակրկիտ զննելու նպատակով։ Հատուկ նավակներ կիջեցվեն, որոնք կօգտագործվեն գետի հատակը տեսանկարահանելու համար։
Նշենք, որ երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդեն իսկ հարցաքննվել է ավելի քան 50 մարդ, զննվել՝ շուրջ 20 տրանսպորտային միջոց։
