Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. գործը դատարանում է
2016-2021 թվականներին Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Ըստ նախաքննության՝ 2021 թվականին նա խեղաթյուրել է պաշտոնական փաստաթղթերը՝ նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը և անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի հիմնանորոգման նպատակով սուբվենցիայի տրամադրման հանգամանքը։
Նա, նաև հանդիսանալով շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտը։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի մեջ(քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով), իսկ նրան օժանդակած տեղակալին և համայնքի ավագանու անդամին՝ կեղծիքը օժանդակելու մեջ (քրեական օրենսգրքի 46-445–րդ հոդվածի 1–ին մասով)։
Նախաքննությունն ավարտվել է, և գործը ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
