ՀայաստանՊատահար

Քաղաքացիական ավիացիայի նախկին պետը մեծ վնասներ է հասցրել պետությանը

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Ա.Մ.-ն մեղադրվում է պետությանը շուրջ 274 միլիոն դրամի վնաս պատճառելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ոչ ծառայողական նպատակներով՝ այդ ընթացքում համագործակցելով իր ենթակայի՝ Ֆ.Մ.-ի և հորեղբորորդու՝ Կ.Մ.-ի հետ։

Ա.Մ.-ն, հասկանալով, որ մեկ տարվա օդանավի վարձավճարը գերազանցում է այդ օդանավի գինը, ոչ թե փորձել է այն գնել պետության անունից, այլ՝ փաստացի իրեն պատկանող ընկերության միջոցով գնել և հետագայում վարձակալությամբ տրամադրել նույն ոլորտում գործող ընկերությանը։

Քանի որ օրենքով Ա.Մ.-ն չէր կարող ընկերություն գրանցել իր անունով, նա այն գրանցել է հորեղբորորդու՝ Կ.Մ.-ի անունով։ Այնուհետև այդ ընկերությունը պայմանագիր է կնքել մեկ թռիչքային ժամը 218,900 դրամով՝ վարձակալության հիմքով։ Սակայն պարզվել է, որ ներմուծված օդանավն անպիտան է եղել ուսումնական թռիչքների համար․ այն չի համապատասխանել միջազգային չափանիշներին և չի ունեցել շահագործման վկայական։

Բացի այդ, Ֆ.Մ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ՝ իբր հաստատելով, որ թռիչքի մեկ ժամի արժեքը համապատասխանում է շուկայական արժեքին։

Պայմանագրի գործողության ընթացքում, առանց որևէ հիմնավորման, թռիչքի մեկ ժամի արժեքը բարձրացվել է։ Ընկերությունն իրականում ընդամենը 86 մլն դրամով գնել է օդանավը, սակայն դրա օգտագործման համար պետությունը վճարել է ավելի քան 592 մլն դրամ։ Մինչդեռ, ըստ հաշվարկների, նույն ծավալի ծառայությունները կարող էին տրամադրվել առավելագույնը 317 մլն դրամով։ Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 274 միլիոն դրամի վնաս։

Քննչական մարմինը Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ իշխանության չարաշահման մեղադրանքով։ Նույնպես մեղադրանք է առաջադրվել Ֆ.Մ.-ին՝ փաստաթղթեր կեղծելու, և Կ.Մ.-ին՝ հանցավոր օժանդակության համար։

Նախաքննության ընթացքում Ա.Մ.-ի գույքի վրա դրվել է արգելանք։ Գործը փոխանցվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։

Սեդա Մարտոյան