
Ծաղկաբերցի 29-ամյա երիտասարդը մահացել է ծեծկռտուքի հետևանքով. կասկածյալը ձերբակալվել է
Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա Արսեն Կիրակոսյանը մահացել է մայիսի 16-ի ուշ երեկոյան՝ ծեծկռտուքի ընթացքում ստացած ծանր մարմնական վնասվածքներից։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նա Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 23:20-ին՝ մարմնի տարբեր հատվածներում ստացած կտրած-ծակած վերքերով և գանգուղեղային վնասվածքներով։ Կյանքին անհամատեղելի վնասվածքներից երիտասարդը մահացել է բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքի շուրջ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Լոռու մարզի Մեծ Պարնի և Կաթնաջուր գյուղերը միացնող ճանապարհին։ Մի խումբ երիտասարդներ հանդիպել են կենցաղային հարցեր պարզաբանելու նպատակով, ինչն ավարտվել է վիճաբանությամբ ու բռնությամբ։
Ծեծկռտուքի ժամանակ Մեծ Պարնի գյուղի 28-ամյա մի բնակիչ, ըստ նախնական տվյալների, քարով ու դանակով հարվածել է Արսեն Կիրակոսյանին՝ պատճառելով մահվան ելքով վնասվածքներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալը և միջադեպին առնչվող մի քանի անձ ձերբակալվել են ու ներկայացվել քննությանը։ Դեպքի մանրամասները պարզվում են նախաքննության շրջանակում։