ՀայաստանՊատահար

Հայտնի է, թե որքան փոխհատուցում կստանան կարկուտից տուժած գյուղատնտեսները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելել է Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ տեղում ծանոթանալու վերջին կարկուտի հետևանքով գյուղատնտեսական վնասներին և հանդիպելու տուժած բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես՝ 0.5-ից 3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50-75 տոկոսով։ Կարկուտի բարձր ռիսկով համայնքներում կշարունակի գործել 75 տոկոսի փոխհատուցման չափը, իսկ այլ բնակավայրերի համար այն սահմանվել է 50 տոկոս։

Խոջոյանը նաև անդրադարձել է գյուղատնտեսության ապահովագրական համակարգին և պետական աջակցության այլ մեխանիզմներին՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակելու է աջակցել գյուղացիներին՝ բնական աղետներից հետո վերականգնման գործընթացում։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել հողագործներին՝ հատկապես այգեգործությամբ զբաղվող տնտեսություններին։