ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ փաստաթղթերով Շենգեն մուտք կազմակերպելու դեպք
Հայաստանում բացահայտվել է հերթական դեպքը, երբ մարդիկ փորձել են խոշոր գումարով՝ կեղծ փաստաթղթերով արտերկիր մեկնել։
ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի համատեղ գործողություններով պարզվել է, որ 22.000 դոլարի դիմաց կազմակերպվել է մեկ քաղաքացու մուտքը Շենգեն գոտի։ Դրա համար պատրաստվել են կեղծ փաստաթղթեր, որոնք հաստատում էին նրա աշխատանքը «DANI GROUP» ՍՊԸ-ում և բանկային հաշիվը «Հայէկոնոմբանկ»-ում։
Այս փաստաթղթերով նա ստացել է մուտքի վիզա և 2024-ի դեկտեմբերին լքել է Հայաստանը՝ նպատակ ունենալով հետագայում մեկնել ԱՄՆ։
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Կազմակերպիչներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 2 միլիոն դրամ գրավ և Հայաստանից դուրս գալու արգելք։
Նախաքննությունը շարունակվում է, իրավապահները փորձում են պարզել, ովքեր են ներգրավված խմբում։
