ՀայաստանՊատահար

Ապօրինի հանքարդյունահանում Ջաջուռում․ ընկերությունը շարունակել է աշխատել թույլտվության ժամկետի ավարտից հետո

Ջաջուռ գյուղում հայտնաբերվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք:

Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, որին 2020 թվականին տրամադրվել էր օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն, շարունակել է շահագործել հանքը նաև 2024 թվականի մարտի 21-ին ժամկետը լրանալուց հետո՝ առանց նոր թույլտվության և իրավական հիմքի։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժին ստացված տեղեկությունների հիման վրա կատարված ստուգմամբ պարզվել է, որ ոչ միայն շահագործումն ու վաճառքն են շարունակվել, այլև խախտվել են տարածքային սահմանները։ Մասնավորապես՝ խճաքարը պահեստավորվել է տրամադրված հողամասից դուրս, ինչը հակասում է հանքարդյունահանման կարգավորող պահանջներին։

Վնասի իրական չափը պարզվում է։

Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Ախուրյանի քննչական բաժնում արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այժմ ընթանում է նախաքննություն՝ պարզելու կատարված խախտումների բոլոր մանրամասները։

Սեդա Մարտոյան