ՀայաստանՊատահար

Մարմարիկում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքները

Մայիսի 4-ից անհետացած 2-ամյա երեխայի որոնման աշխատանքները մայիսի 20-ի վաղ առավոտից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կինոլոգները՝ հատուկ վարժեցրած շներով, Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից անտառային տարածքում սկսել են որոնողական աշխատանքների նոր փուլը։ Գործողություններն իրականացվել են մոտ 4 կմ-անոց հատվածում՝ գետի մերձակայքում գտնվող անտառում։

Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել:

Փրկարարները որոնել են գետից դեպի անտառ ձգվող շուրջ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ տարածքում։ Չնայած մեծածավալ աշխատանքներին, մինչ այս պահը չի հաջողվել հայտնաբերել ոչ երեխային, ոչ էլ որևէ կասկածելի իր։

Կինոլոգները շարունակում են որոնումները: Ներգրավված են նաև անօդաչու թռչող սարքեր։

Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել: