ՀայաստանՊատահար

Նոր մանրամասներ երկաթուղու պատահարի մասին

Մայիսի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Գյումրի-Երևան երթուղին սպասարկող մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել պատանու։ Դեպքի վայր է մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պատահարը տեղի է ունեցել «Էջմիածին» երկաթուղային կայարանի մոտակայքում։ Գյումրի-Երևան երթուղով ընթացող մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել Ն. Է.-ին (ծնվ. 2009 թ.), ով տեղում մահացել է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վթարի ժամանակ գնացքի մեքենավարական անձնակազմը նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձին՝ մոտ 130 մ հեռավորության վրա, մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները կհստակեցվեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննում են իրավասու մարմինները։