
Ավտոմեքենան մխրճվել է «Լիվերպուլի» չեմպիոնությունը նշող երկրպագուների մեջ. կան տուժածներ
Մայիսի 26-ին Լիվերպուլի Ուոթեր սթրիթում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ Ավտոմեքենան մխրճվել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների բազմության մեջ, երբ վերջիններս նշում էին Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը։
Վկաների փոխանցմամբ՝ մեքենան մեծ արագությամբ է մոտեցել և ազդանշաններ հնչեցնելով՝ անցել մարդկանց վրայով։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով վիրավորվել է առնվազն 47 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Նրանցից 27-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնցից երկուսը՝ այդ թվում՝ մեկ երեխա, ծանր վնասվածքներ են ստացել։ Վարորդը՝ 53-ամյա Լիվերպուլի բնակիչ, ձերբակալվել է։ Նրան հայտնաբերել են դեպքի վայրում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերը միջադեպը որակել է «սարսափելի»՝ բարձր գնահատելով արտակարգ ծառայությունների արձագանքման արագությունը։ «Լիվերպուլ» ակումբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով․
Մեր մտքերն ու աղոթքները տուժածների հետ են։ Մենք սերտ համագործակցում ենք Մերսիսայդի ոստիկանության հետ և լիովին աջակցում ենք նրանց ընթացիկ աշխատանքում։
Դեպքը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ քաղաքը նշում էր ակումբի պատմական՝ 20-րդ չեմպիոնությունը։ Շքերթին մասնակցել են թիմի առաջատար ֆուտբոլիստները՝ Վիրջիլ վան Դեյքն ու Մոհամեդ Սալահը։
Տեղի իշխանությունները, շտապօգնության և իրավապահ մարմինները շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ պարզելու միջադեպի հանգամանքներն ու շարժառիթը։